Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում ոչիշխանական եռյակի հրավիրած հանրահավաքից հետո «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհուրդը հրավիրել էր մամուլի ասուլիս: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՔՊ կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ազատության հրապարակում հնչած ելույթներին՝ նշելով, որ Սերժ Սարգսյանին առաջարկվել են փոխզիջումային պայմաններ, անտեսվել է ՀՀ քաղաքացու ձայնը, հայտարարվել է, որ հեղափոխություն չեն անելու, վերջնագիր չեն ներկայացնելու: Նա հրաժարվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ ՀՀ նախագահ դառնալու մասին խոսակցություններին գնահատական տալուց:
«Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ, արևելագետ Արայիկ Հարությունյանն էլ, պատասխանելով լրագրողների՝ ԵՏՄ-ն ՀՀ-ի անդամակցության հարցին, նշեց, որ քանի դեռ կա Լեռնային Ղարաբաղի հարցը, իրենք աշխարհաքաղաքական կողմնորոշումներում ընտրել են «ո՛չ, ո՛չ» տարբերակը:
ՔՊ կառավարման խորհրդի անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն էլ հիշեցրեց, որ ոչիշխանական ուժերը հրավիրեցին հանրահավաք հենց ԵՏՄ-ի անդամակցության օրը:
Սահմանադրական փոփոխությունների մասին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այն քաղաքական մեծ աֆյորա է, և Սերժ Սարգսյանն այն նախաձեռնել է իր ներկլանային խնդիրները լուծելու համար, իսկ այդ կլանում ներգրավված է նաև Ռոբերտ Քոչարյանը: Այդ իսկ պատճառով նա հրաժարվում է քննարկել սահմանադրության փոփոխությունները: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց երկու տարի առաջ իր «Երրորդ հանրապետության բաժանումը» հոդվածի մասին:
Նա ասաց, որ պետք է լինի նոր հարթակ, նոր քաղաքական օրակարգ և նոր քաղաքական թիմ և մոտեցում:
Ոչիշխանական ուժերի գործունեությունը նա գնահատեց հերթական ԱԺ և նախագահի ընտրություններին նախապատրաստություն, որոնք դաշտը պահում են հսկողության տակ, որ նոր ուժ չգա հրապարակ:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք այցելում են ՀՀ-ի տարբեր մարզեր, գյուղեր և իրականացնում են քաղաքական աշխատանք և նշում, թե ինչ լուծում են առաջարկում: Նա նշեց նաև, որ, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, իրենք չեն զբաղվում գյուղացիներին բրինձ բաժանելով և այն ԶԼՄ-ներով քարոզելով:
«Մենք ո՛չ որպես իշխանություն, ո՛չ որպես ընդդիմություն ՀՀ քաղաքացուն հիասթափեցնելու ռեսուրս չունենք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ